«Սիրելինե՛ր, սիրենք միմյանց, քանի որ սերն Աստծուց է. եւ ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված եւ ճանաչում է Աստծուն: Իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է» (Ա Հովհ.4;7-8):
«Եւ սրանո՛ւմ երեւաց Աստծո սերը մեր հանդեպ. այն, որ Աստված Իր Միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի Նրանով կենդանի լինենք: Սրանո՛ւմ է սերը. մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ Նա՛ սիրեց մեզ եւ ուղարկեց իր Որդուն մեր մեղքերի քավության համար» (Ա Հովհ. 4;9-10):
Աշխարհում բոլոր չարիքները անբարոյականությունից են ծագում, բոլոր չարիքները պատվիրանազանցության ու անհնազանդության հետևանք են: Բայց ամենամեծ չարիքները ամենամեծ պատվիրանը խախտելու արդյունքն ու հետևանքն են: Չարիքները ծնվում են սիրո բացակայությունից. երբ մարդը իր ամբողջ զորությամբ չի սիրում իր Արարչին և իր նմանին չի սիրում իր անձի պես: Հիսուս մարդուն վեր է հանում սիրո աշխարհային շերտերից դեպի աստվածային ոլորտներ, որտեղ կայանում է սիրո ծնունդը, և տոնախմբվում է նրա փառավոր հաղթանակն ընդդեմ ամենակործան անտարբերության: Երբ մարդը ոչնչացնում է իր և Աստծո արարչությունը, իր նմանին, իր տեսակը` պարզապես զրկելով սիրուց, ծնվում է չարիքը և աճում այդ ամենաջինջ կամքի մեջ: Անտարբերությունը ավելի կործանարար է, քան ատելությունը, և հենց անտարբերությունն է հակադրվում սիրուն, ոչնչացնում սերը: Մեծագույն անբարոյականություն է անտարբեր լինելը Աստծո, մեր նմանի և սեփական անձի ու անհատականության նկատմամբ: Աստված միայն մեկ հիմնավոր և արդարացված պատճառ ուներ Տիեզերքը ստեղծելու համար, և դա Նրա Արարիչ լինելու փաստը չէ, այլ Նրա՝ Սեր լինելու փաստը:
Այսօր հիմնիվեր փոխվել է «սեր» հասկացությունը: «Սեր» են հորջորջվում ամուսնական դավաճանությունը, շնությունը, պոռնկությունը, անբնական կրքերը, բնազդները, և, ի հետևանս այդ ամենի, սարսափելիորեն փոխվում է «Աստված Սեր է» արտահայտության իմաստը: Պողոս առաքյալը հանդիմանում է նրանց, ովքեր սիրով են կապված աշխարհային իրողություններին և առաջնորդվում են «մի կյանք ենք ապրում» անհիմն կարգախոսով: Այսինքն, շատ կարևոր է ոչ միայն ճիշտ ճանաչել սիրո բնույթն ու էությունը, այլ նաև ճիշտ ընտրել այն դրսևորելու կերպն ու ասպարեզը: «Սերը համբերող է, քաղցրաբարո է, սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում է: Սերը երբեք չի անհետանում» (Ա Կորնթ. 15; 4-8): Մեղքը սխալ նպատակակետի ուղղված սերն է, որն արդեն ամեն բանի չէ, որ հավատում է կամ համբերում, շատ շուտ է հուսալքվում, ամբարտավան է ու եսակենտրոն, ինքնանպատակ է ու պատեհապաշտ, անիրավ է ու վաղանցուկ: Եթե սերը ուղղված է դեպի աշխարհը, այն է՝ դեպի՝ իրենց աստվածակերպությունից անտեղյակ կամ դրա մասին մոռացած մարդկանց միջև առկա, արդեն մարդկային լինելուց հեռու, սխալ փոխհարաբերությունները, ապա այն ստեղծարար ուժից վերածվում է կործանարար ուժի, իսկ եթե ուղղված է դեպի Կատարյալ Աստված՝ ձգտելով Նրան, և դեպի անկատար, բայց աստվածակերպ մարդը՝ տեսնելով նրան այնպիսին, ինչպիսին նրան տեսավ «աշխարհի սկզբից մորթված Գառը», այդ սերը միշտ կառուցող է ու հաստատող, դեպի կատարելություն առաջնորդող ու կատարելագործող:
Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս